USAID-ի կայքը խափանվել է, հայտնում է Reuters-ը՝ այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը հայտարարեց գործակալությունը Պետդեպարտամենտի ենթակայության տակ տեղափոխելու մտադրության մասին
Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) կայքը անհասանելի է: Ինչպես գրում է Reuters-ը, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը հայտարարեց գործակալությունը Պետդեպարտամենտին փոխանցելու ծրագրերի մասին։
Կայք մուտք գործելիս հաղորդագրություն է հայտնվում՝ «Սերվերի IP հասցեն չի գտնվել»:
Reuters-ի փոխանցմամբ՝ գործակալության հետ կապված շարունակական քննարկումներում ներգրավված երկու աղբյուրներ ասել են, որ Թրամփի վարչակազմը ծրագրում է սահմանափակել գործակալության անկախությունը և այն դնել Պետդեպարտամենտի ենթակայության տակ։
Բացի այդ, ըստ CNN-ի, կայքի փակումը կապված է արտաքին օգնության ծրագրերը վերանայելու և դրանց ֆինանսավորումը ժամանակավորապես դադարեցնելու Թրամփի վարչակազմի որոշման հետ։ Հայտնի չէ, թե որ ծրագրերի վրա կտարածվի այս սահմանափակումը և երբ կվերականգնվի կայքը։ USAID-ի ներկայացուցիչները հրաժարվեցին մեկնաբանել, սակայն անանուն աղբյուրները հայտնել են, որ աշխատակիցներին պաշտոնապես հրահանգ է տրվել դադարեցված ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկություններ չհրապարակել:
Թրամփի վարչակազմի այս քայլը քննադատության առարկա է դարձել։ Կոնգրեսի մի քանի անդամներ, մասնավորապես դեմոկրատներ, մտահոգություն են հայտնել՝ ասելով, որ ֆինանսավորման սառեցումը սպառնում է միջազգային գործընկերների և մարդասիրական առաքելությունների հետ հարաբերություններին: Որոշ հանրապետականներ ողջունում են այս քայլը և կարծում են, որ արտաքին օգնության առաջնահերթությունները պետք է վերանայվեն: Ըստ «CNN»-ի՝ դեռևս պարզ չէ, թե երբ կավարտվի այս գործընթացը և ինչ ազդեցություն կունենա USAID-ի երկարաժամկետ գործունեության վրա։
USAID-ը ստեղծվել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի կողմից Սառը պատերազմի տարիներին՝ խորհրդային ազդեցությանը դիմակայելու նպատակով: 1961 թվականին Կոնգրեսն ընդունեց Արտաքին աջակցության մասին օրենքը, որը Քենեդին ստորագրեց և միևնույն ժամանակ արձակեց գործադիր հրաման՝ USAID որպես անկախ գործակալություն ստեղծելու մասին: