Թուրքիայի ներքին գործերի նախարար. Ես խոսել եմ Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ, ով մեկնում է դեպքի վայր
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան անդրադարձել է Վրաստանում թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռի կործանմանը։
Նրա խոսքով, նա հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեի հետ։
«Խորին վշտով իմացա, որ ադրբեջանա-վրացական սահմանին կործանվել է C-130 տիպի ռազմական տրանսպորտային ինքնաթիռ, որը Ադրբեջանից վերադառնում էր մեր երկիր և պատկանում է մեր Ազգային պաշտպանության նախարարությանը։ Շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։ Հեռախոսով խոսեցի Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեի հետ։ Նախարարը նույնպես մեկնում է դեպքի վայր։ Մաղթում եմ լավագույնը մեր սիրելի ժողովրդին», – գրել է Ալի Երլիքայան սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, Վրաստանի ՆԳՆ-ի համաձայն՝ Սիղնաղիի մունիցիպալիտետում՝ Վրաստանի պետական սահմանից մոտ 5 կմ հեռավորության վրա, կործանվել է թուրքական ռազմական ինքնաթիռ, որը նախնական տվյալներով ուղևորվում էր Ադրբեջանից Թուրքիա։
«Սաքաերոնավիգացիայի» տեղեկացմամբ՝ տեղեկացվել են Գյանջայի օդանավակայանը և թուրքական կողմը։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է C-130 տիպի ինքնաթիռի կործանման փաստը։