Թուրքիայի քաղաքներում ջահերով երթեր են անցկացվել ավերիչ երկրաշարժի երկրորդ տարելիցի կապակցությամբ
Թուրքիան հիշում է երկու տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ժամանակ զոհվածներին։ Երկրի մի շարք քաղաքներում հազարավոր մարդիկ ջահերով երթ են անցկացրել՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել երկրաշարժի երկրորդ տարելիցի կապակցությամբ։
«Մենք ամբողջ սրտով կիսում ենք երկրաշարժից տուժած քաղաքացիների ու նրանց հարազատների ցավը։ Փետրվարի 6-ի ողբերգության տարելիցի կապակցությամբ մենք ևս մեկ անգամ մեր երախտագիտությունն ենք հայտնում այն երկրներին, որոնք աջակցել են մեզ այս մեծ դժվարությունների ժամանակ»,- ասված է հայտարարության մեջ։
2023 թվականի փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 53,000 մարդ, ևս վեց հազար մարդ զոհվել է հարևան Սիրիայում:
Երկրաշարժի հետեւանքով Թուրքիայում ավերվել է մոտ 400 հազար շինություն, մոտ 200 հազարը վնասվել է։ Տուժած քաղաքացիներից մի քանիսը դեռևս ապրում են ժամանակավոր կացարաններում։