Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման վերաբերյալ
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման վերաբերյալ

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, Իլհամ Ալիևը զանգահարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին և խորին ցավակցություն հայտնել Թուրքիայի նախագահին, զոհված զինծառայողների ընտանիքներին, հարազատներին, ինչպես նաև եղբայրական թուրք ժողովրդին՝ Վրաստանի տարածքում թուրքական ռազմական օդուժի ինքնաթիռի կործանման կապակցությամբ։

Նշվում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին զանգի և ցավակցության համար։

Զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի համապատասխան ռազմական կառույցները պահում են կապը միջադեպի առնչությամբ։

Հիշեցնենք, Վրաստանի ՆԳՆ-ի համաձայն՝ Սիղնաղիի մունիցիպալիտետում՝ Վրաստանի պետական սահմանից մոտ 5 կմ հեռավորության վրա, կործանվել է թուրքական ռազմական ինքնաթիռ, որը կատարում էր թռիչք Ադրբեջանից դեպի Թուրքիա։