Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները ողջ աշխարհի համար օրինակելի են. Իլհամ Ալիև
Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները ամբողջ աշխարհի համար օրինակելի են,- այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է թուրքական «Տեերտե Հաբերի» հետ հարցազրույցի ժամանակ:
«Թուրքիայի նախագահի համարձակ ու հաստատուն հայտարարությունները նախազգուշացում են դարձել շատ երկրների համար – մի խառնվեք, Ադրբեջանը միայնակ չէ, մենք նրա հետ ենք: Մենք միմյանց աջակցում ենք բոլոր հարցերում, բոլոր ամբիոններում, և մեր միասնությունը պետք է հավերժ մնա»,- ասել է Ալիևը:
Հարցազրույցում Ադրբեջանի նախագահը խստորեն քննադատել է Ֆրանսիայի նախագահին: Ալիևի խոսքով, նա Էմանուել Մակրոնից ներողություն խնդրել պահանջել է այն բանի համար, որ Ֆրանսիայի նախագահը կեղծ մեղադրանքներ է առաջադրել Ադրբեջանի հասցեին:
«Նա ասել է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին տարածաշրջան է տեղափոխել ահաբեկիչներին: Ապա ասել, որ Ադրբեջանը ցանկանում է գրավել Լեռնային Ղարաբաղը, բայց իրենք դա թույլ չեն տա: Լեռնային Ղարաբաղը մեր հողն է: Հնարավոր է արդյոք գրավել սեփական հողը: Այնպես որ, Ֆրանսիան այս եռյակից անձամբ մեկուսանում է և մենք դրա մասին չենք կարող լռել»,- ասել է Ադրբեջանի նախագահը: