Թուրքիայի էներգետիկայի նախարար. Մենք զգալի ներդրում ենք ունենում համաշխարհային նավթամատակարարման գործում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի միջոցով, մենք աշխատում ենք մի նախաձեռնության վրա, որը կբավարարի Սիրիայի էներգետիկ կարիքները
Թուրքիայի էներգետիկայի նախարար. Մենք զգալի ներդրում ենք ունենում համաշխարհային նավթամատակարարման գործում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի միջոցով, մենք աշխատում ենք մի նախաձեռնության վրա, որը կբավարարի Սիրիայի էներգետիկ կարիքները

Ադրբեջանն ու Թուրքիան համաձայնեցել են համատեղ աշխատել Սիրիային բնական գազի մատակարարումը ապահովելու համար, – այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը Իզմիրում կայացած Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ ֆորումի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական TRT հեռուստաընկերությունը։

«Որոշ ժամանակ առաջ մենք համաձայնեցինք համատեղ աշխատել Թուրքիայով Սիրիա բնական գազի մատակարարման ապահովման ուղղությամբ, ինչպես դա նախկինում անում էինք եվրոպական երկրների հետ։ Այս նախագիծը քննարկվեց նաև այսօր կայացած հանդիպման ընթացքում», – նշել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարը։

Իր հերթին, Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը խոսել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կարևորության մասին նավթի գլոբալ մատակարարման հարցում։

«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի միջոցով մենք կենսական նշանակություն ունեցող ներդրում ենք ունենում գլոբալ նավթամատակարարման ոլորտում։ Վերջերս իրականացված նախագծով, որը Թուրքիայի բնական գազի ցանցը կապում է Սիրիայի հետ, մենք համատեղ աշխատում ենք մի կարևոր նախաձեռնության վրա, որն ուղղված է ինչպես Սիրիայի էներգետիկ կարիքների բավարարմանը, այնպես էլ այնտեղ կյանքի նորմալացմանը։ Մեր երկու երկրները միասին ներդրում են ունենում ոչ միայն Եվրոպայի էներգետիկ անվտանգության, այլև գլոբալ մատակարարման համակարգում», – ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը։

Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ Թուրքիայի էներգետիկայի նախարարը նաև խոսել է «կանաչ էներգետիկ միջանցքի» մասին, որն ստեղծվել է Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի մասնակցությամբ։

«Մենք ուժեղացնում ենք մեր էներգետիկ կապերը էլեկտրահաղորդման գծերով, գազամուղներով և նավթամուղներով՝ իրական ներդրում բերելով ինչպես մեր երկրների, այնպես էլ տարածաշրջանի էներգետիկ անվտանգության մեջ։ Մենք ամրապնդում ենք էլեկտրահաղորդման գծերը չորքկողմ կանաչ էներգետիկ միջանցքով, որը ստեղծվել է Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի կողմից։ Մեր երկու երկրների միջև գոյություն ունի հսկայական ներդաշնակություն, պոտենցիալ և ընթացիկ նախագծեր։ Մենք ունենք շատ կարևոր նպատակներ ապագայի համար», – ասել է Բայրաքթարը Ադրբեջանի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում։