Թուրքիայի անտառտնտեսության նախարարությունը հայտնում է, որ այս պահին հրդեհը մոլեգնում է երկրի հինգ նահանգներում
Թուրքիայի անտառտնտեսության նախարարությունը հայտնում է, որ այս պահին հրդեհը մոլեգնում է երկրի հինգ նահանգներում

Թուրքիայի անտառտնտեսության նախարարությունը հայտնում է, որ հրդեհը մոլեգնում է երկրի հինգ նահանգներում։ Բացի այդ, ըստ գերատեսչության, իրավիճակը Իզմիրում մեղմացել է, իսկ բնակեցված տարածքներն այլեւս վտանգված չեն։

Նախարար Իբրահիմ Յումակլիի խոսքով՝ Իզմիր նահանգի Քարշիակ շրջանում բռնկված հրդեհն առաջացել է պիկնիկի ժամանակ երեք մարդու վառած կրակի պատճառով։ Նրա խոսքով՝ իշխանությունները աշխատանքներ են տանում նշված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

«Հրդեհի ուժգնությունը նվազել է, և այս պահի դրությամբ բնակեցված տարածքներն այլևս վտանգված չեն»,- ասաց նախարարը։

Ուրբաթ օրը Իզմիրում բռնկված հրդեհը, որը արագորեն տարածվել է ուժեղ քամու հետևանքով, պատել է տներն ու ձեռնարկությունները՝ ստիպելով հարյուրավոր մարդկանց տարհանել: Իզմիրի քաղաքապետ Չեմիլ Տուղայի տեղեկություններով՝ այրվել է արդյունաբերական գոտում գտնվող 16 բնակելի տուն և 30 օբյեկտ։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ հրդեհի հետեւանքով տուժել է 78 մարդ։

Հրշեջները պայքարում են նաև Թուրքիայի արևմուտքում գտնվող Այդին և Մանիսա նահանգներում, ինչպես նաև հյուսիսում գտնվող Բոլու և Կարաբուկ նահանգներում անտառային հրդեհների դեմ։ Անտառային տնտեսության նախարարությունը հայտարարում է, որ առաջիկա տասնօրյակում օդի բարձր ջերմաստիճանի և ուժեղ քամու պատճառով հանրապետության 12 նահանգներում բարձր է հրդեհավտանգ իրավիճակ։