Թուրքիան Վրաստանի պաշտպանության ուժերին է փոխանցել տարբեր տեսակի տեխնիկա
Թուրքիան Վրաստանի պաշտպանության ուժերին է փոխանցել տարբեր տեսակի տեխնիկա

Թուրքիայի Հանրապետության կառավարությունը Վրաստանի պաշտպանության ուժերին տրամադրել է տարբեր տեսակի տեխնիկա՝ ավիացիայի և հակաօդային պաշտպանության հնարավորությունները բարելավելու նպատակով։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ միջոցառմանը մասնակցել են Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Իրակլի Ճիճինաձեն և Վրաստանում Թուրքիայի դեսպան Ալի Քաան Օրբայը։

«Ավիացիայի և հակաօդային պաշտպանության հրամանատարությունը թուրքական կողմից անվճար ստացել է երկու միավոր օդանավակայանի հատուկ տեխնիկա և UH-1H ուղղաթիռների պահեստամասեր։ Ավելի ուշ ստորագրվել է տեխնիկայի փոխանցման արձանագրությունը, որը ստորագրել են ավիացիայի և հակաօդային պաշտպանության հրամանատար, գնդապետ Սերգո Նինուան և Թուրքիայի Հանրապետության պաշտպանական կցորդ, գնդապետ Բուրաք Ալթիները։ Տեխնիկայի փոխանցումն իրականացվել է Թուրքիայի Հանրապետության հետ կնքված ռազմական ֆինանսական համագործակցության համաձայնագրի շրջանակներում։ Վրաստանը և Թուրքիան երկար տարիներ սերտորեն համագործակցում են պաշտպանության ոլորտում»,- ասվում է ՊՆ տեղեկատվության մեջ։