Թուրքական կողմի հայտարարությամբ, Հունաստանի առափնյա պահպանությունը կրակ է բացել Էգեյան ծովի միջազգային ջրերում լողացող նավի վրա, միջադեպին արձագանքել է նաև հունական կողմը
Թուրքական կողմի հայտարարությամբ, Հունաստանի առափնյա պահպանությունը կրակ է բացել Էգեյան ծովի միջազգային ջրերում լողացող նավի վրա, միջադեպին արձագանքել է նաև հունական կողմը

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի առափնյա պահպանության ծառայությունը հայտարարել է, որ հունական առափնյա պահպանության երկու նավ կրակ են բացել Էգեյան ծովում՝ թուրքական Բոզկաադա կղզուց 18 կիլոմետր հեռավորության վրա գտնվող միջազգային ջրերում լողացող նավի վրա։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, Հունաստանի առափնյա պահպանությունը կրակ է բացել Կոմորյան կղզիների դրոշով ընթացող «Անատոլու» նավի վրա, որի անձնակազմը բաղկացած է եղել Թուրքիայի, Ադրբեջանի, Սոմալիի և Եգիպտոսի քաղաքացիներից։ Դեպքի վայր են մեկնել թուրքական առափնյա պահպանության երկու նավ, որոնք նշված նավը դուրս են բերել Թուրքիայի տարածքային ջրեր։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, Թուրքիան Հունաստանից պահանջել է միջադեպի անհապաղ հետաքննություն և միջադեպի բացատրություններ։

Բացի այդ, ըստ հունական լրատվամիջոցների, միջադեպը հաստատել է Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը։

Ծառայության տվյալներով՝ Կոմորոս կղզիների դրոշով նավարկվող «Անատոլիա» նավը շարժվել է Հունաստանի տարածքային ջրերի ուղղությամբ՝ Լեսբոս կղզու մոտ և չի ենթարկվել հունական կողմի խնդրանքին՝ կանգ առնել ստուգման համար, և շարունակել է շարժվել դեպի թուրքական կղզի։

Ըստ լրատվամիջոցի՝ արդյունքում Հունաստանի առափնյա պահպանությունը հետապնդել է նավը, որի ժամանակ նախազգուշական մի քանի կրակոց է հնչել, սակայն նավը կանգ չի առել և մտել է Թուրքիայի տարածքային ջրեր։

Ըստ առափնյա պահպանության ծառայության՝ թուրքական կողմը գրավոր նախազգուշացվել է միջադեպի մասին։