Թրամփի վարչակազմը Պենտագոնից հանել է չորս լրատվամիջոցի գրասենյակները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշմամբ Պենտագոնի շենքից հանվել են չորս լրատվամիջոցներ՝ New York Times-ը, National Public Radio-ն, NBC News-ը և Politico-ն: Որոշման համաձայն՝ վերոնշյալ լրատվամիջոցները պետք է ազատեն Պենտագոնի գրասենյակները մինչև փետրվարի 14-ը, և նրանց տեղերը կզբաղեցնեն New York Post-ը, One America News Network-ը, Breitport News-ը և HuffPost News-ը։
Պենտագոնի մամուլի ծառայությունը նշում է, որ որոշման նպատակը այլ լրատվամիջոցների համար աշխատատեղեր ստեղծելն է և տարեկան ռոտացիայի սկզբունքի ներդրումը, թեև տուժած լրատվամիջոցները քննադատում են որոշումը։
NBC News-ը նշում է, որ դա կխանգարի նրանց լրատվական գործունեությանը, մինչդեռ New York Times-ը նշում է, որ որոշումը չի բխում հանրային շահերից։ NPR-ը Պաշտպանության նախարարությանը կոչ է անում մեծացնել աշխատանքային տարածքը՝ բոլոր լրատվամիջոցների համար հավասար հասանելիություն ապահովելու համար:
Պենտագոնի մամուլի ծառայությունը հերքում է լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելու մեղադրանքները և նշում, որ որոշումը չի սահմանափակում լրատվամիջոցների գործունեությունը։