Թրամփի վարչակազմը «Ալ-Նուսրա» ճակատը, որի հիման վրա ստեղծվել է «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը, հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկից

20:27, 07.07.2025

Թրամփի վարչակազմը «Ալ-Նուսրա» ճակատը, որի հիման վրա ստեղծվել է «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը, հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկից: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի փաստաթղթին:

Ըստ լրատվամիջոցի՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից ստորագրված փաստաթուղթը թվագրված է հունիսի 23-ով և նախատեսված է պաշտոնական հրապարակման երեքշաբթի օրը:

«Գլխավոր դատախազի և ֆինանսների նախարարի հետ խորհրդակցելով՝ ես չեղյալ եմ հայտարարում «Ալ-Նուսրա» ճակատի, որը հայտնի է նաև որպես «Հայաթ Թահրիր ալ-Շամ» և այլ անվանումներով, ճանաչումը որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն», – ասել է Ռուբիոն հայտարարության մեջ:

Որոշումը հաջորդում է նախագահ Դոնալդ Թրամփի անցյալ շաբաթ Սիրիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկելու մասին գործադիր հրամանագրին:

Ահմեդ ալ-Շարաան 2003 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժումից հետո պայքարել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության համար։ Նա ձերբակալվել է 2006 թվականին և ազատ արձակվել 2011 թվականին՝ ապացույցների բացակայության պատճառով։ Սիրիայի ներկայիս նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի կողմից հիմնադրված «Ալ-Նուսրա ճակատը» համարվում էր Սիրիայում «Ալ-Քաիդայի» ճյուղավորում։ 2016 թվականին «Ալ-Նուսրա ճակատը» հայտարարեց «Ալ-Քաիդայից» իր կապերի խզման մասին։ Շուտով այն հանգեցրեց «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպության ստեղծմանը, որը կարևոր դեր խաղաց Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման գործում անցյալ տարվա վերջին։

Ալ-Շարաան և Դոնալդ Թրամփը հանդիպել են Ռիադում մայիսին, որից հետո Թրամփը հայտարարել է, որ կվերացնի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները։

Նմանատիպ