Թրամփը հայտարարել է «կեղծ ԶԼՄ-ների մրցույթ»-ի հաղթողներին
Թրամփը հայտարարել է «կեղծ ԶԼՄ-ների մրցույթ»-ի հաղթողներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտարարել է, որ շնորհել է իր խոստացած մրցանակը «կեղծ ԶԼՄ-ներին»։

«Ահա և կեղծ նորությունների մրցույթի հաղթողները»,-գրել է Թրամփը՝ ուղեկցելով իր գրառումը Հանրապետական կուսակցության կայք տանող հղումով։

«Չնայած ԶԼՄ-ներում շատ կոռումպացված և անազնիվ լուսաբանմանը, կան շատ հրաշալի լրագրողներ, որոնց ես հարգում եմ, կան շատ լավ նորություններ, որոնցով ամերիկացի ժողովուրդը կարող է հպարտանալ»,-հավելել է Թրամփը։

Ցուցակը գլխավորել է Ալֆրեդ Նոբելի հիշատակի՝ տնտեսության ոլորտի մրցանակի դափնեկիր և New York Times-ի սյունակագիր Փոլ Կրուգմանը։ Նա առաջին տեղն է զբաղեցրել նախագահական ընտրությունների գիշերը՝ 2016-ի նոյեմբերի 9-ին իր մարգարեության համար։ «Կարծես թե նախագահը լինելու է Դոնալդ Թրամփը, և շուկաները կփլուզվեն…Թե երբ կվերականգնվեն, հարցի նախնական պատասխանն այսպիսին է՝ երբեք»,-գրել է Կրուգմանը։

«Դափնեկիրների» երկրորդ տեղում լրագրության վետերան Բրայան Ռոսն է, ում մշտական հիմունքով հեռացրել են ABC News-ի եթերից՝ «ռուսական գործի» վեաբերյալ սխալ նորության համար։

Ցուցակի երրորդ տեղում հայտնվել է CNN հեռուստալիքը, որը հայտնել էր, որ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները WikiLeaks-ից ստացել է առաջարկ՝ ուսումնասիրելու կայքի տրամադրության տակ հայտնված Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի փաստաթղթերը մինչ դրանց հրապարակումը։

Հաղթողների տասնյակում են հայտնվել CNN-ի 4 ռեպորտաժներ, 2-ական ռեպորտաժ New York Times-ից և 1-ական ABC-ից, Washington Post-ից, Time-ից և Newsweek-ից։

Թրամփը կարծում է, որ քիչ են լուսաբանվել տնտեսության լավ ցուցանիշները, ահաբեկչության դեմ պայքարը և ԱՄՆ գերագույն դատարանում պահպանողական Նիլ Գորսաչի նշանակումը։