Թորնիկե Ռիժվաձեի գործով ձերբակալված Ալեքսի Ախվլեդիանիին մեղադրանք է առաջադրվել հրազեն անփութորեն պահելու համար
Թորնիկե Ռիժվաձեի գործով կալանավորված Ալեքսի Ախվլեդյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի դատախազությունը։
Քննչական մարմնի տվյալներով՝ Ախվլեդյանին մեղադրանք է առաջադրվել հրազենային զենքի անզգուշությամբ պահման համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքի։
«Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության կողմից քրեական գործի շրջանակում կատարված քննությամբ պարզվել է, որ հուլիսի 6-ին երեկոյան ժամերին Թ.Ռ.-ն հյուրընկալվել է քաղաք Սագարեջոյում՝ իր ընկեր Ա.Ա.-ի տանը։
Հուլիսի 7-ին մոտավորապես ժամը 01:10-ից մինչև 01:30-ն ընկած ժամանակահատվածում Թ.Ռ.-ն գաղտնի վերցրել է Ա.Ա.-ին պատկանող «Գլոկ» համակարգի հրազենային զենքը, որը վերջինս անզգուշությամբ թողել էր իր բնակարանի մերձակայքում գտնվող ապակեպատ տաղավարում, այնուհետև նույն կերպ գաղտնի տեղափոխել է հյուրերի համար նախատեսված ննջասենյակ և այնտեղ միայնակ մնալով՝ ինքնասպանության նպատակով կրակել է կրծքավանդակի շրջանում, ինչը պատճառել է ծանր աստիճանի առողջական վնասվածք։
Իրավապահները նույն օրը ձերբակալել են Ա.Ա.-ին։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածով (հրազենային զենքի անզգուշությամբ պահում, ինչը հանգեցրել է ծանր հետևանքի), ինչը նախատեսում է մինչև երեք տարվա ազատազրկում։
Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դիմելու է դատարանին՝ կալանքի կիրառման միջնորդությամբ», – նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ծովային տրանսպորտի գործակալության ղեկավար Ալեքսի Ախվլեդիանին Թորնիկե Ռիժվաձեի գործով ձերբակալվել է որպես մեղադրյալ։
Թորնիկե Ռիժվաձեն հրազենային վիրավորումով հուլիսի 7-ին տեղափոխվել է Սագարեջոյի «GeoHospitals»-ում։ Այնուհետև նրան տեղափոխել են Առաջին համալսարանական կլինիկա։ Թորնիկե Ռիժվաձեի գործով քննչական գործընթացը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, որը վերաբերում է ինքնասպանության հասցնելուն։