Նանուկա Ժորժոլիանի. Թինան ինձանից ավելի խելացի է, փորձառու, գիտի այնպիսի բաներ, որոնք ես չգիտեմ և ես կարող եմ անել այն, ինչ նա կարող է չիմանալ, մենք կլինեինք իդեալական գործընկերներ, և ցավալի է, որ այդպես չստացվեց
«Թինան ինձնից խելացի է, ինձնից փորձառու, նա գիտի այն, ինչ ես չգիտեմ, իսկ ես կարող եմ անել այն, ինչի հմտությունները նա գուցե չունի։ Մենք իդեալական գործընկերներ կլինեինք, և ցավալի է, որ ամեն ինչ այսպես չդասավորվեց»,— սոցիալական ցանցում գրում է Նանուկա Ժորժոլիանին։
Նրա խոսքով՝ ինքն իրեն կուսակցությունում դիտարկում է որպես մենեջեր։
«Միշայի (Միխեիլ Սաակաշվիլիի) և ինձ համար իդեալական կլիներ իմ ինտեգրումը «Ազգային շարժմանը» (Նացմո)՝ Թինայի նախագահությամբ։ Ինչպես արդեն ասացի, նա ինձնից խելացի է, ինձնից փորձառու, նա գիտի այն, ինչ ես չգիտեմ, իսկ ես կարող եմ անել այն, ինչի հմտությունները նա գուցե չունի։ Մենք իդեալական գործընկերներ կլինեինք, և ցավալի է, որ ամեն ինչ այսպես չդասավորվեց։
Այս կուսակցությունն ունի գլխավոր առաջնորդ, և դա Միխեիլ Սաակաշվիլին է, ունի Խաբեն (Լևան Խաբեիշվիլի), ով շատ է աշխատել թիմի ու ընդհանուր գործի համար։ Եթե Խաբեն դրսում լիներ, «Ազգային շարժման մեջ» իմ կարիքը չէր էլ լինի։ Գերության մեջ է գտնվում Իրակլի Նադիրաձեն, ով՝ մտնելով պարտված պատերազմի մեջ, ստրկությանը գերադասեց ինքնազոհաբերությունը։
Ես ի՞նչ կարող եմ անել։ Կուսակցությանը վերադարձնել Միշայի տեմպն ու առաջնահերթությունները, երբ գլխավորը ժողովրդականությունն էր, իսկ քաղաքականությունը՝ կենսական ու հասարակ ժողովրդի համար հասկանալի։ Ես ինձ այս կուսակցությունում տեսնում եմ որպես մենեջեր։ Գուցե նախագահը կարող է հենց այդպիսին էլ լինել։ Գուցե քաղաքականությունն այլևս փողկապը մինչև վերջ ձգելու կարիք չունի։ Եթե կուսակցությունն այժմ ճգնաժամի մեջ է, թերևս նրան ճգնաժամային մենեջեր է պետք։
Արտաքին դաշտն ամենակարևորն է, որը պահանջում է կոմպետենտություն և ճիշտ մոտեցումներ, գիտելիք ու փորձ։ Հետևաբար, այն մարդը, ով կստանձնի այս ոլորտի պատասխանատվությունը, կլինի գիտակ և կոմպետենտ։ Նա կունենա լիակատար վստահություն ու անկախություն։ Նա՝ երկրից դուրս, իսկ ես՝ երկրի ներսում։ Իսկ հիմա ամենակարևորը՝ այս կուսակցությունը պետք է ստանձնեն երիտասարդները։ Վետերանները կպահեն նրանց թիկունքը։ Կուսակցությունը մեծ սպասումով է դիմավորում նորությունները, և շնորհակալություն նրանց ճիշտ ու գործնական վերաբերմունքի համար, որը ես տեսա այս օրերին։ Այս դարում որքան խենթ է գաղափարը, այնքան ավելի արդյունավետ է աշխատում, դե ինչ, գուցե այստեղ էլ աշխատի»,— գրում է Ժորժոլիանին։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր սոցիալական ցանցում գրել է, որ «Ազգային շարժման» նախագահի պաշտոնում իր թեկնածուն Նանուկա Ժորժոլիանին է։ Սաակաշվիլիի հայտարարությանն արձագանքել է «Ազգային շարժման» գործող նախագահ Թինա Բոկուչավան։ Բոկուչավայի խոսքով՝ Սաակաշվիլիի հրապարակումն իր համար անսպասելի էր և ցավալի։ «Հենց նման իմպուլսիվ և անհետևողական որոշումներն մեզ հասցրին այնտեղ, որտեղ այսօր գտնվում ենք»,— նշել է Բոկուչավան։