Թենգիզ Ցերցվաձե. Մեզ խոստացել են, որ Վրաստանը պատվաստանյութը ստացող առաջին երկրներից մեկը կլինի
Մեզ խոստացել են, որ Վրաստանը պատվաստանյութը ստացող առաջին երկրներից մեկը կլինի,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ինֆեկցիոն հիվանդությունների և ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
Նրա խոսքով, Վրաստանը կարող է բրիտանական արտադրության պատվաստանյութ ստանալ, քանի որ դրա պահպանման կանոններն ավելի պարզ են:
«Մենք չգիտենք՝ Միացյալ Թագավորության պատվաստանյութը կտրամադրեն մեզ, թե Ամերիկայի, «Ֆայզեր» կամ «Մոդեռնա»: Սա այնքան լուրջ խնդիր է, որ չի կարելի անհատապես լուծել: Ստեղծվել է այս պատվաստանյութի բաշխման և օգտագործման հարթակ: Վրաստանը այս հարթակի անդամ է, առաջիններից մեկը, որը ժամանակին դիմել է, և արդեն նախապես փոխանցել է չորս միլիոն դոլար: Երբ այս պատվաստանյութը գործնականում կիրառվի, այդ ժամանակ կորոշվի, թե որ երկրին ինչ արտադրության պատվաստանյութ կփոխանցվի:
Միգուցե մեզ համար դա լինի բրիտանական արտադրության, քանի որ դրա պահպանման կանոններն ավելի հեշտ են: Այն պահվում է սառնարանում, մինչդեռ «Ֆայզեր» պատվաստանյութը պահվում է մինուս 70 աստիճանի պայմաններում, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում: Վերաբաշխման ընթացքում շատ բան հաշվի կառնվի, նույնիսկ՝ արդյոք երկիրը ունի մինուս 70 աստիճանի վրա պահելու հնարավորություն, ինչպես նաև տարածքային սկզբունքը և այլն: Մեզ խոստացել են, որ Վրաստանը պատվաստանյութը ստացող առաջին երկրներից մեկը կլինի: Ես ակնկալում եմ, որ դա կլինի գարնանը», – հայտարարել է Ցերցվաձեն: