Թելավիի օդանավակայանի նոր ուղևորային տերմինալի կառուցման տենդեր է հայտարարվել
Վրաստանի օդանավակայանների միավորումը Թելավիի օդանավակայանի նոր ուղևորային տերմինալի կառուցման տենդեր է հայտարարել: Ծրագրի ավարտից հետո օդանավակայանը տարեկան կկարողանա սպասարկել մոտ 50 հազար ուղևորի:
Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ՝ Թելավիի օդանավակայանի զարգացման ծրագիրը ծառայում է Կախեթիում կանոնավոր օդային հաղորդակցության վերականգնմանն ու օդային տրանսպորտի հասանելիության բարձրացմանը: Ծրագիրը կնպաստի երկրի ներքին օդային կապի բարելավմանը, տարածաշրջանների միջև տեղաշարժվելու հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև Կախեթիում զբոսաշրջային և բիզնես հոսքերի աճին:
Օդանավակայանների միավորման տեղեկատվությամբ՝ նոր տերմինալի ճարտարապետական հայեցակարգը մշակել է «Խմալաձե արխիտեկտորս»-ը, որը հաղթել էր համապատասխան մրցույթում: Ծրագիրը նախատեսում է ժամանակակից և ֆունկցիոնալ ուղևորային ենթակառուցվածքի ստեղծում: Ճարտարապետական լուծման մեջ հաշվի են առնված Կախեթիի շրջակա միջավայրը և տարածաշրջանին բնորոշ առանձնահատկությունները:
Թելավիի օդանավակայանի զարգացումն ընթանում է Մեստիայի օդանավակայանի նոր տերմինալի ծրագրին զուգահեռ: Երկու ծրագրերն էլ Վրաստանի տարածաշրջանային օդանավակայանների զարգացման միասնական տեսլականի մասն են և ծառայում են դրանց ինտեգրմանը երկրի միասնական ավիացիոն ցանցում:
Տենդերային առաջարկների ներկայացումը հնարավոր կլինի սեպտեմբերի 25-ից 29-ը ներառյալ: Հաղթող ճանաչված ընկերությունը շինարարական աշխատանքները պետք է ավարտի պայմանագրի կնքումից հետո 21 ամսվա ժամկետում: