«Թելասիի» և «Energo Pro Georgia»-ի փոխարեն Թբիլիսիին և շրջաններին էլեկտրաէներգիա կմատակարարեն «Telmiko»-ն և «EP Georgia»-ն
Հուլիսի 1-ից ամբողջ Վրաստանում կենցաղային սպառման և փոքր ձեռնարկությունների համար կփոխվեն էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունները, – հայտնել է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման հանձնաժողովը:
Ըստ նրանց, սպառողական սակագինը չի փոխվելու:
«Թբիլիսիում բնակչությանը և փոքր ձեռնարկություններին «Թելասիի» փոխարեն էլեկտրաէներգիա կմատակարարի «Թելմիկո» ընկերությունը, իսկ մարզերում` «Energo Pro Georgia»-ի փոխարեն էլեկտրաէներգիա կմատակարարի «EP Georgia»-ն», – հայտարարում են Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման հանձնաժողովում:
Նրանց խոսքով, «Թբիլիսիի էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունը» (Թելմիկո) և «EP Georgia»-ն Վրաստանի կառավարության կողմից անվանված համընդհանուր ծառայություններ մատուցող ընկերություններ են:
«Փոփոխությունը կատարվել է էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումների շրջանակներում, համաձայն Եվրոպայում երրորդ էներգետիկ փաթեթի հրահանգների», – պարզաբանել են Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման հանձնաժողովում: