Թեհրանի Գերագույն դատարանի մոտ երկու դատավոր է սպանվել

19:18, 18.01.2025

Գերագույն դատարանի դատավորներ Մոհամմադ Մոգիսեն և Ալի Ռազինը սպանվել են, ևս մեկ դատավոր վիրավորվել է Թեհրանի դատարանի շենքի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով։

Այս մասին հայտնում է «IRNA» գործակալությունը։

«Դատավորների վրա հարձակվողն ինքնասպանություն է գործել մինչ ձերբակալվելը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակվողը Գերագույն դատարանի այցելու չի եղել և դատարանում քննվող գործ չի ունեցել։

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Ալի Ռազինը և Մոհամմադ Մոգիսեն հարձակման են ենթարկվել իրենց գրասենյակում, որտեղ ներկա է եղել նաև Գերագույն դատարանի խորհրդականը, ով թաքնվել է գրասեղանի տակ։

Իրանի իշխանությունը հարձակումն ահաբեկչություն է որակում։

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ սպանված դատավոր Մուհամադ Մոգիսեն քաղբանտարկյալների գործեր էր լսում։ Նրա դեմ պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ-ն և Եվրամիությունը։ Նրան մեղադրում են Իրանում մարդու իրավունքների խախտման մեջ։ Երկրորդ մահացած դատավորը՝ Ալի Ռազինը, փրկվել է 1998 թվականին տեղի ունեցած հարձակումից, երբ նրա մեքենայում ռումբ էին տեղադրել:

Սպանված դատավորներն աշխատել են ազգային անվտանգության, լրտեսության և ահաբեկչության հետ կապված հանցագործությունների շուրջ:

Նմանատիպ