«The Guardian» – Եվրամիությունը պատրաստվում է կասեցնել Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմի համաձայնագիրը
Եվրամիությունը պատրաստվում է կասեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցված համաձայնագիրը։ Ըստ «Guardian»-ի՝ Եվրամիությունը համապատասխան որոշումը կկայացնի այս շաբաթ։
Որոշման արդյունքում Ռուսաստանի քաղաքացիներն այլևս չեն կարողանա հեշտությամբ Եվրամիության վիզա ստանալ, կբարձրանա նաև վիզայի վճարը։
Ինչպես գրում է «The Guardian»-ը, այս քայլն ուղղված է զբոսաշրջային նպատակներով Ռուսստանի քաղաքացիների՝ Եվրամիություն ճանապարհորդությունները սահմանափակելուն, ինչը պահանջում են Եվրամիության անդամ որոշ երկրներ։ Ինչպես նշվում է Եվրամիությունում, «Եվրամիությունը պետք է դիմի Ռուսաստանի քաղաքացիներին հստակ ուղերձով, որ պատերազմն անընդունելի է»։
Ըստ «The Guardian»-ի՝ մինչև տարեվերջ Եվրամիությունը, բացի Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմը չեղարկելուց, պատրաստվում է նաև լրացուցիչ քայլեր ձեռնարկել։
Կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարները օգոստոսի 30-ին Պրահայում կքննարկեն Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի խստացման հարցը։
Հիշեցնենք, որ Եվրամիության որոշ երկրներ կողմ են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումն ամբողջությամբ կասեցնելուն։ Դրանց թվում են Ֆինլանդիան, Չեխիան, Էստոնիան, Լատվիան և Լիտվան։ Սակայն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան և Ֆրանսիան, համաձայն չեն այս նախաձեռնության հետ։