Թբիլիսիում նշվեց Սուրբ Սարգիս զորավարի տոնը
Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 8-ին նշում է սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ որոշմամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է նաև երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգիս զորավարը նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Տոնը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, այլեւ` ժողովրդական ավանդույթներով: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ավանդույթի համաձայն Ս. Սարգիսը պետք է անցնի և ում մատուցարանի մեջ դրված փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, ապա այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Թե ինչպես է ամեն տարի սիրո արագահաս բարեխոսի տոնը նշվում Թբիլիսիում, կպատմի մեր լրագրող Ոսկի Ավագյանը: