Թբիլիսիում կտեղադրվեն ևս 200 էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ

13:14, 05.02.2025

Թբիլիսիում եւս մոտ 200 էլեկտրական լիցքավորիչ կտեղադրվի, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի կառավարության նիստում։

Նա ասաց, որ այս նպատակով հայտարարված աճուրդներն ավարտվել են, հաղթող ընկերությունները պարզվել են։

«Շատ լավ բաներ են արվել մեր տրանսպորտային քաղաքականության շրջանակներում, որը բաղկացած է տարբեր բաղադրիչներից։ 2017 թվականից մենք սկսել ենք բարեփոխումներ իրականացնել տրանսպորտի ոլորտում։ Բաղադրիչներից մեկը էլեկտրական մեքենաների խթանումն է։ Քաղաքի տարբեր հատվածներում սկսել ենք էլեկտրական լիցքավորիչներ տեղադրել, բայց սա բավարար չէ, ավելին է պետք։ Ըստ այդմ՝ մենք աճուրդ ենք հայտարարել ամբողջ քաղաքում մինչև 200 էլեկտրական լիցքավորիչի տեղադրման համար։ Այս հարցում մեծ հետաքրքրություն կար, և շատ ընկերություններ մասնակցեցին աճուրդներին, մեծ մրցակցություն կար։ Մենք ունենք հաղթողներ, որոնք պարտավոր են պայմանագիրը ստորագրելուց հետո ութ ամսվա ընթացքում իրենց միջոցներով ապահովել «խելացի» սարքի տեղադրումը էլեկտրական մեքենաների արագ լիցքավորման համար յուրաքանչյուր վայրում և ապահովել դրանց շարունակական շահագործումը հաջորդ տասը տարիների ընթացքում»,- ասել է Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, մայրաքաղաքում էկոլոգիական իրավիճակի բարելավումը քաղաքապետարանի հիմնական առաջնահերթություններից է։

«Այս ամենն արվում է էլեկտրական մեքենաները խրախուսելու համար։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում էկոլոգիական իրավիճակի բարելավմանը, որը չի սահմանափակվում միայն էլեկտրական մեքենաներով։ Մենք նախագծեր ենք իրականացնում ռեկրեացիոն տարածքների համար, մենք կանոնակարգ ենք մտցրել շինհրապարակների վերաբերյալ, և այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել՝ բարելավելու էկոլոգիական իրավիճակը», – ասել է Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, տրանսպորտային քաղաքականության բարեփոխումները շարունակվում են, և քաղաքապետարանն այս ուղղությամբ դեռ շատ քայլեր կձեռնարկի։

Նմանատիպ