Թբիլիսիում բացվել է Քեն Ուոլքերի անվան բժշկական վերականգնողական համալսարանային կլինիկան
Թբիլիսիում բացվել է Քեն Ուոլքերի անվան բժշկական վերականգնողական համալսարանային կլինիկան: Բացման արարողությանը ներկա են գտնվել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, կառավարության անդամները, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն և Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը:
Կառավարության վարչության մամլո ծառայության փոխանցմամբ, Քեն Ուոլքերի անվան բժշկական վերականգնողական համալսարանային կլինիկայի ստեղծման նպատակը տարածաշրջանում առաջին միջազգային փորձի վրա հիմնված, բարձր որակավորում ունեցող վերականգնողական ծառայության և Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի կլինիկական ուսումնական բազա ստեղծելն է: Քեն Ուոլքերի կլինիկան առաջինն է Անդրկովկասում, որը հագեցած է ամերիկյան և եվրոպական բարձր տեխնոլոգիական վերականգնողական սարքավորումներով և կարիքներ ունեցող անձանց առաջարկում է լիարժեք համալիր թիմային մոտեցման վրա հիմնված վերականգնողական ծառայություն:
Կլինիկան միաժամանակ սպասարկելու է 200 երեխայի և 250 չափահասի: Կլինիկայի աշխատանքն սկսելով Վրաստանի էկոնոմիկան կխնայի մեծ գումար, որը հատկացվել էր երկրի սահմաններից դուրս Վրաստանի քաղաքացիներին վերականգնողական պատշաճ կուրսը ֆինանսավորելու համար:
Բացի այդ, Քեն Ուոլքերի կլինիկայի նկատմամբ հարևան երկրներից ավելացող հետաքրքրությունից ելնելով, Վրաստանի էկոնոմիկա մուտք կգործեն լրացուցիչ գումարներ, որն իր հերթին կնպաստի Վրաստանում բժշկական տուրիզմի զարգացմանը: