Թբիլիսիում անցկացվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպումը
Թբիլիսիում անցկացվում է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների հանդիպում։ Վրաստանի ԱԳՆ-ի տեղեկատվությամբ՝ հանդիպման նախաձեռնողները Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն են։
Ըստ գերատեսչության՝ հանդիպումը բացել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին, որից հետո փակ ձևաչափով շարունակվել է երեք երկրների ԱԳՆ փոխնախարարների մակարդակով եռակողմ հանդիպումը։
«Հանդիպումը վարում են Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը և Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Հանդիպման հիմնական նպատակը երեք երկրի դիրքորոշումների և տեսակետների փոխանակումն է այն հնարավոր ուղղությունների վերաբերյալ, որոնք կարող են հիմք հանդիսանալ եռակողմ համագործակցության գործընթացի համար։ Նշված հանդիպման նպատակն է՝ կիսել ընդհանուր շահերը, ինչը հետագայում կաջակցի փոխշահավետ գործնական եռակողմ համագործակցության զարգացմանը, որն ի վերջո կնպաստի տարածաշրջանի բարօրությանը, կայունությանը և կայուն զարգացմանը։ Այսօրվա եռակողմ հանդիպումը չի հակասում և չի փոխարինում որևէ առկա համագործակցային ձևաչափի, այլ ներկայացնում է երեք հարևան երկրների լրացուցիչ ջանք՝ կառուցողական և փոխշահավետ համագործակցություն ձևավորելու համար», – ասված է Վրաստանի ԱԳՆ–ի հայտարարությունում։