Թբիլիսիի մանկապարտեզներում Ամանորյա արձակուրդները կտևեն դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 15-ը, իսկ նոր տարվանից մանկապարտեզներում կգործարկվի էլեկտրոնային ընդունելության համակարգ

13:00, 10.12.2025

Թբիլիսիի մանկապարտեզներում ամանորյա արձակուրդները կտևեն 2025 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2026 թվականի հունվարի 15-ը։ Ինչպես այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն, հունվարի 15-ից վերսկսվող դաստիարակչական գործընթացը կուղեկցվի կարևոր նորությամբ։

«Հունվարի 15-ից դաստիարակչական գործընթացը կվերսկսվի էական նորությամբ. Մանկապարտեզների կառավարման գործակալությունն ավարտել է հաստատություններում էլեկտրոնային մուտքի համակարգի ներդրումը։ Նախագծի շրջանակում իրականացվել է քարտ ընթերցող սարքերի և համապատասխան տեսահսկման համակարգի տեղադրում, վերապատրաստվել են ինչպես մանկապարտեզների վարչակազմերը, այնպես էլ գործակալության համապատասխան բաժինների մասնագետները՝ ծրագրի կառավարման ուղղությամբ։ Բացի այդ, ծնողների հետ կազմակերպվում են տեղեկատվական հանդիպումներ, որպեսզի հունվարի 15-ից երեխաների ընդունումն անցնի անխափան», – նշել է Կալաձեն։

Նրա խոսքով՝ ավելի մեծ հարմարության համար հնարավոր կլինի հատուկ պորտալում՝ www.tbilisikids.com, գրանցվել և գեներացնել մեկանգամյա QR կոդ, որը պետք է սկանավորվի քարտ ընթերցող սարքի վրա։

«Բացի այդ, յուրաքանչյուր երեխայի ծնողին կտրվի առավելագույնը ութ պլաստիկ քարտ՝ ապահովելու երեխայի ներկայության գրանցումը քարտի կորստի կամ տարբեր ուղեկցողների դեպքում։ Նախագծի շրջանակում հաշվի են առնված բոլոր հնարավոր հանգամանքները, որոնք կարող են առաջանալ երեխաների և աշխատակիցների էլեկտրոնային գրանցման ընթացքում՝ լինի դա աշխատանքային ժամերի ճկունություն, թե հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաներին հարմարեցված հաճախման գրաֆիկ», – ավելացրել է Թբիլիսիի քաղաքապետը։

Նմանատիպ