Թբիլիսիի հասարակական տրանսպորտի ցանցին ավելանում են միկրոավտոբուսի նոր երթուղիներ
Թբիլիսիի հասարակական տրանսպորտի ցանցին ավելանում են միկրոավտոբուսի նոր երթուղիներ

Թբիլիսիում միկրոավտոբուսային մի քանի նոր երթուղիներ կգործարկվեն: Այդ մասին մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Խոսելով տրանսպորտային քաղաքականության մասին՝ Կախա Կալաձեն նշել է, որ խոստումը կկատարվի, և մինչև տարեվերջ միկրոավտոբուսների պարկը ամբողջությամբ կթարմացվի։

«Գիտեք, որ մենք սկսել ենք հիմնովին նորացնել և կարգավորել հասարակական տրանսպորտը։ Խոստումս այն էր, որ մինչև տարեվերջ երթուղայինների պարկը նույնպես ամբողջությամբ կբարեկարգվի։ Իհարկե, մենք անպայման կկատարենք այս խոստումը։ Տեղեկացնում եմ նոր երթուղիների մասին, որոնք ավելանում են այն թաղամասերին, փողոցներին, որտեղ հասարակական տրանսպորտը լուրջ խնդիր էր՝ չէր երթևեկում։ Ասեմ, որ դրանք 421, 443, 446 երթուղիներն են։ Հիմնականում դրանք լինելու են «Գուրամիշվիլի» մետրոկայանի մոտից Զղվիսուբանին հետ կապող, Դիղոմի գյուղից Սաբուրթալո և Մթածմինդա թաղամասեր կապող գծերը։ Ինչպես երեկ ասացի, նոր վերականգնված Ինգուշեթիի և Մայիսուրաձեի փողոցը կմիացվեն Ախմետելիի թատրոնի մետրոյի կայարանին, ինչը շատ լավ է, բացի այդ, 454, 494 երթուղիները կփոխարինեն գործող 54-րդ և 104-րդ երթուղիներին։

Իմ թվարկած բոլոր երթուղիներով նոր կապույտ միկրոավտոբուսներ են աշխատելու։ Եվս մեկ անգամ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ մինչև տարեվերջ երթուղայինների խնդիրը կվերացվի։ Ոչ մի դեղին ավտոբուս մայրաքաղաքում չի երթևեկի: Կլինեն նորացված, կարգավորված միկրոավտոբուսներ, որոնք կսպասարկեն մայրաքաղաքի բնակչությանը»,- ասել է Կախա Կալաձեն։

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ նոր գծերը սպասարկելու են հետևյալ ուղղությունները.

N421 երթուղին մետրոյի «Գուրամիշվիլի» կայարանից Ուռեկի փողոցով կսպասարկի Զղվիսուբանիի XI-III-IV միկրոշրջանները։

N441 երթուղին Դիղոմի գյուղի կենտրոնից կտեղաշարժվի դեպի նույն գյուղ՝ Ռուսթավելի, Ղազբեգի և Փիրոսմանի փողոցներ։

Դիղոմի գյուղի կենտրոնից N443 երթուղին կսպասարկի Դիդգորի և Թելովանի գյուղերը։

Մետրոպոլիտենի «Ախմետելի թատրոն» կայանից N446 երթուղին կանցնի Խիզանիշվիլի և Վեկուա փողոցներով՝ Մայիսուրաձե և Ինգուշեթի փողոցների ուղղությամբ։

N454 երթուղին կսպասարկի Վարկեթիլի III ա միկրոշրջանը մինչև Վարկեթիլի մետրոյի կայարան և կփոխարինի N54 երթուղուն։