Թբիլիսիի և Բաքվի միջև ստորագրվեց քույրացման հուշագիր
Թբիլիսիի և Բաքվի միջև ստորագրվեց քույրացման հուշագիր

Թբիլիսիի և Բաքվի միջև ստորագրվեց քույրացման հուշագիր: Ինչպես հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Ադրբեջանում Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովի հետ հանդիպման ժամանակ, հուշագրի ստորագրումը մեծ նշանակություն ունի:

Նրա խոսքով, ներկայումս Թբիլիսին քույրացել է 20 քաղաքների հետ:

«Բաքուն Թբիլիսիի համար կդառնա 21-րդ քույր քաղաքը: Սա մեծ ներդրում կունենա Վրաստանի և Ադրբեջանի միջև դարավոր հարաբերությունների խորացման գործում: Պայմաններ կստեղծվեն տարբեր ոլորտներում մեր հարաբերություններն ավելի հետաքրքիր ու բարեկամական դարձնելու համար», – ասաց Կալաձեն:

Իր հերթին, Ազիզովը նշել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը երկար տարիների բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններ ունեն:

«Այսօր երկրների միջև հարաբերությունները զարգանում են շատ ոլորտներում: Երկկողմ այցերը նոր հնարավորություններ են ստեղծում մեր հարաբերությունների հետագա զարգացման համար»,- հայտարարել է Ազիզովը:

1997 թվականից Թբիլիսին և Բաքուն գործընկեր քաղաքներ են: