Թալիբները արգելափակել են ինտերնետը Աֆղանստանի հյուսիսում
Թալիբները արգելափակել են ինտերնետը Աֆղանստանի հյուսիսում

«Ամորալ վարքագծի կանխարգելման» նպատակով «Թալիբանը» Հյուսիսային Աֆղանստանում արգելել է ինտերնետը։ Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը՝ հղում անելով տեղական վարչությունների հայտարարություններին։

Մեդիայի տեղեկություններով՝ ինտերնետի արգելքը տարածվում է հինգ նահանգի վրա՝ Քունդուզ, Բադախշան, Բաղլան, Թախար և Բալխ։ Սահմանափակումը վերաբերում է օպտիկամանրաթելային ինտերնետին, սակայն չի տարածվում բջջային ինտերնետի վրա։

Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, այս որոշման արդյունքում Հյուսիսային Աֆղանստանում գրասենյակները, բնակելի տները և բիզնես օբյեկտները մնացել են առանց ինտերնետի։

ԱՄՆ-ի նախկին դեսպանը Աֆղանստանում Զալմայ Խալիլզադեն այս արգելքը որակել է որպես աբսուրդ։

«Եթե պոռնոգրաֆիան իրական խնդիր է, ինչպես շատ իսլամական երկրներում, ապա հնարավոր է հեշտությամբ ֆիլտրել։ Շատ երկրներ իսլամական աշխարհում հենց այդպես էլ անում են», – նշել է Խալիլզադեն։

2021 թվականին իշխանության գալուց ի վեր «Թալիբանը» սահմանել է բազմաթիվ սահմանափակումներ, հատկապես կանանց համար։ Մասնավորապես՝ «Թալիբանը» արգելել է աղջիկներին սովորել ավագ դպրոցում, կանանց՝ աշխատել որոշ ոլորտներում, պարտադիր է դարձրել դեմքի ծածկոցը, տղամարդկանց համար պարտադիր է դարձել մորուքի աճեցումը, իսկ վարորդներին արգելվել է երաժշտություն միացնել ավտոմեքենաներում։