Սուրամիի շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ավարտվել է, ճանապարհը կբացվի օգոստոսի 16-ին
Վերին Օսիաուրի-Չումաթեթելի ճանապարհի երկրորդ հատվածի (Սուրամիի շրջանցիկ ճանապարհ) շինարարական աշխատանքները ավարտվել են։ Նոր ճանապարհը ավտոտրանսպորտի համար կբացվի օգոստոսի 16-ին՝ ժամը 12:00-ից։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ Սուրամիի շրջանցիկ ճանապարհը արևելք-արևմուտք արագընթաց ավտոմայրուղու կարևոր մասն է, և դրա շինարարության նախագիծը իրականացրել է ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
«Նոր, 6.4 կմ երկարությամբ քառուղի մայրուղու հատվածում կառուցվել է 11 կամուրջ և 5 թունել։ Այս հատվածը Խաշուրիի շրջանցիկ 13 կմ ճանապարհի շարունակությունն է, շրջանցում է Սուրամին և Չումաթեթելին ու միանում է Ռիքոթի լեռնանցքի առաջին թունելին։ Ճանապարհը կառուցված է միջազգային ճանապարհային անվտանգության ստանդարտներին համապատասխան և հագեցած է ժամանակակից լուսավորության համակարգով։ Նախագիծը էապես կկրճատի ճանապարհին անցկացվող ժամանակը, կբարելավի երթևեկության անվտանգությունը և ամբողջությամբ կազատի Սուրամին տարանցիկ տրանսպորտային հոսքից։
Շինարարական աշխատանքները իրականացվել են Համաշխարհային բանկի վարկով և պետական բյուջեի համաֆինանսավորմամբ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 265 միլիոն լարի։
Սուրամիի շրջանցիկ ճանապարհի բացումից հետո ավտոտրանսպորտը կկարողանա օգտվել Թբիլիսիից մինչև Սամտրեդիա ձգվող 230 կմ անընդհատ արագընթաց ճանապարհից», – նշված է տեղեկությունում։