Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի թևերից մեկում, տեղադրվել է Դոնալդ Թրամփի արձանը՝ «Նարնջագույն ժանտախտ» անվանմամբ
Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի թևերից մեկում, տեղադրվել է Դոնալդ Թրամփի արձանը։
Դանիացի արվեստագետ Ենս Գալշիոտի ստեղծած քանդակն ունի 2,5 մետր բարձրություն։ Թրամփը մի ձեռքում պահում է արդարադատության կշեռքը, իսկ մյուսում՝ գոլֆի մահակը։ Այնտեղ է նաև երկրագնդի տեսքով գոլֆի գնդակը։ Պատվանդանին գրված է․ «Նարնջագույն ժանտախտ»։
«Ես նստած եմ մարդու մեջքին։ Նա ճզմվում է իմ ծանրության տակ։ Ես ամեն ինչ կանեմ նրան օգնելու համար, բացի նրա մեջքից իջնելուց»,- գրված է պատվանդանին։
«Թրամփը ներկայացնում է մեծագույն սպառնալիքներից մեկը կանոնների վրա հիմնված աշխարհի, ժողովրդավարական արժեքների և կլիմայական ճգնաժամը լուծելու համատեղ ջանքերի համար։ Մենք պետք է լուծենք այս խնդիրը և միասին կանգնենք նման ավերիչ ազդեցության դեմ»,- հայտարարել է արձանի հեղինակ Ենս Գալշիոտը։
Նրա պարզաբանմամբ՝ քանդակը պատված է 23 կարատանոց ոսկե թերթերով և ոգեշնչված է Հանս Քրիստիան Անդերսենի հայտնի «Թագավորի նոր զգեստը» հեքիաթով։
Քանդակը Եվրոպական խորհրդարանի շենքում կմնա մինչև հոկտեմբերի 8-ը։
