Ստավրոպոլի «Մոնոկրիստալ» գործարանի և Օրենբուրգի հելիումի գործարանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացվել
Ռուսաստանում, Ստավրոպոլի երկրամասում գտնվող «Մոնոկրիստալ» գործարանի և Օրենբուրգում տեղակայված հելիումի գործարանի վրա իրականացվել է դրոնային հարձակում։ Ինչպես հաղորդում են ռուսական տելեգրամյան ալիքները, դրոնների հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 12-ի գիշերը։
Ականատեսները տարածում են տեսանյութ, որտեղ գործարանի տարածքի մոտ ծուխ է երևում։ Մեդիայի տվյալներով՝ «Մոնոկրիստալ» գործարանը արտադրում է սինթետիկ սափիր, որը կիրառվում է օպտիկական սարքերում։ Տեղական իշխանությունների հայտարարությամբ՝ դրոնային հարձակումը հետ մղվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, և հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել։
Նշենք, որ օգոստոսի 12-ի առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցած գիշեր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 25 ուկրաինական դրոն, որոնցից 22-ը՝ Ռոստովի մարզում, 3-ը՝ Ստավրոպոլի երկրամասում։ Որ օբյեկտներ են դարձել հարձակման թիրախ, նախարարությունում չեն հստակեցրել։
Բացի այդ, ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինան դրոններով հարձակում է գործել նաև Օրենբուրգում գտնվող հելիումի գործարանի վրա։ Սա Ռուսաստանի միակ նման արտադրական ձեռնարկությունն է, որը հելիում է արտադրում։ Այն օգտագործվում է հրթիռների արտադրությունում։ Տեղական իշխանությունները առայժմ չեն հաստատել գործարանի վրա հարվածի մասին տեղեկությունը։