Ստամբուլում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել է 20 մարդ
Ստամբուլում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել է 20 մարդ: Նրանք մեղադրվում են «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ:
Անադոլու լրատվական գործակալության տվյալներով, հակաահաբեկչական հատուկ գործողությունը իրականացվել է քաղաքի երեք շրջաններում: Ինչպես պնդում է մամուլը ձերբակալվածներից մի քանիսը ուղիղ կապ են ունեցել «ԻՊ»-ի պարագլուխների հետ:
Իրավապահների լրատվությամբ, ահաբեկիչները պայթյուններ էին ծրագրում Ստամբուլում ամանորյա միջոցառումների ժամանակ: Նշենք, որ Իրաքում և Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր Թուրքիայում ահաբեկչության հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է 5000-ից ավելի մարդ: Երկրից արտաքսվել է 3290 մարդ: Իսկ 38 հազարին արգելվել է մուտք գործել Թուրքիայի տարածք:
Հիշեցնենք, անցյալ տարի ամանորի գիշերը Ստամբուլում «ԻՊ»-ը իրականացրել էր ահաբեկչական հարձակում, արդյունքում զոհվել էր 39 մարդ:
Հեղինակ -
Edgar Barsegyan