Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն արժանացել է Փարիզի պատվավոր քաղաքացու կոչմանը

19:56, 08.04.2025

Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ստացել է Փարիզի պատվավոր քաղաքացու կոչում։ Համապատասխան որոշումը կայացրել է Փարիզի քաղաքային խորհուրդը՝ քվեարկության արդյունքում։

Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն, Իմամօղլուին այս պահին անարդարացիորեն մերժել են իր կուսակցությունը ներկայացնելու և միլիոնավոր թուրք քաղաքացիների ձայնը լինելու հնարավորությունը։

«Իմամօղլուն, ում ազատություններն ու հիմնարար իրավունքները խախտվել են, պետք է հույս ունենա Փարիզի լիակատար աջակցության վրա», – ասել է Իդալգոն։

Նա նաև հույս է հայտնել, որ Փարիզի այս աջակցությունը Իմամօղլուին կօգնի, որպեսզի Թուրքիայի իշխանությունները լսեն ժողովրդավարական բանականության ձայնը։

Էքրեմ Իմամօղլուն, ով համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական ընդդիմախոսը, մարտի 19-ին ձերբակալվել է կոռուպցիայի և ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու մեղադրանքով։ Մինչ ձերբակալությունը, Իմամօղլուն դիտարկվում էր որպես ընդդիմադիր գլխավոր կուսակցության առաջատար թեկնածու 2028 թվականի նախագահական ընտրություններում։ Նրա ձերբակալությանը Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցեր են հաջորդել։

Նմանատիպ