Սպիտակ տուն. Ռուսական նավթի համաշխարհային գնի սահմանաչափը զգալիորեն կնվազեցնի Պուտինի՝ պատերազմի բյուջեի եկամուտների աղբյուրը
Սպիտակ տուն. Ռուսական նավթի համաշխարհային գնի սահմանաչափը զգալիորեն կնվազեցնի Պուտինի՝ պատերազմի բյուջեի եկամուտների աղբյուրը

Ռուսական նավթի համաշխարհային գնի սահմանաչափը Ուկրաինայում զգալիորեն կնվազեցնի Պուտինի ռազմական բյուջեի եկամտի աղբյուրը,- ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ ռուսական նավթի գնի վերին շեմ սահմանելու որոշումը նույնպես կապահովի, որ նավթը էներգաշուկա դուրս գա ավելի ցածր գնով։

«Նավթի համաշխարհային գների վերին շեմը կօգնի մեզ հասնել երկու նպատակի. Նախ, դա զգալիորեն կնվազեցնի Պուտինի եկամտի աղբյուրը պատերազմի բյուջեի համար: Երկրորդ, այն կապահովի, որ նավթը շուկա հասնի ավելի ցածր գնով, և որ առաջարկը համապատասխանի պահանջարկին: Գնային վերին շեմ սահմանելու մեր ջանքերն արդեն տալիս են իրենց պտուղները։ Զեկույցները ցույց են տալիս, որ Ռուսաստանն արդեն իսկ առաջարկում է զգալի՝ մինչև 30 տոկոս զեղչեր և երկարաժամկետ պայմանագրեր որոշ երկրներին»,- ասել է Կարին Ժան Պիերը։

Հիշեցնենք, որ ըստ «Financial Times»-ի՝ «Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարները պայմանավորվել են, որ ռուսական նավթի գնային սահմանափակումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 5-ից, իսկ նավթամթերքներինը՝ փետրվարի 5-ից։