Սպիտակ տուն. Ջո Բայդենը և Կատարի էմիրը քննարկել են Գազայի ներկայիս իրավիճակը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Կատարի էմիրը քննարկել են Գազայի ներկայիս իրավիճակը։
Ինչպես նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, Ջո Բայդենը զրուցել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ Գազայում տեղի ունեցող իրադարձությունների և ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակմանն ուղղված նրանց ջանքերի մասին։
«Բայդենը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդներ վերցնելը, այդ թվում՝ բազմաթիվ անչափահասների, ԱՄՆ երեքամյա քաղաքացու, ում ծնողները սպանվել են հոկտեմբերի 7-ին։ Երկու առաջնորդները համաձայնել են, որ բոլոր պատանդները պետք է ազատ արձակվեն առանց հետագա ուշացման»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Ինչպես գրում է «Reuters»-ը, Սպիտակ տան հայտարարության մեջ չի նշվում կրակի դադարեցման մասին որևէ քննարկում։
Հայտարարության մեջ նշվում է, որ առաջնորդները համաձայնել են շարունակել իրենց ջանքերը՝ ավելի խաղաղ, անվտանգ, բարգավաճ և կայուն Մերձավոր Արևելքի տարածաշրջան ստեղծելու համար։