Sky News. Ուկրաինան և Եվրոպան չեն կարող լիովին մերժել ԱՄՆ-ի առաջարկած «խաղաղության ծրագիրը»՝ վախենալով հեռանալ Դոնալդ Թրամփից
ԱՄՆ-ը պահանջում է, որպեսզի Ուկրաինան մինչև նոյեմբերի 27-ը համաձայնություն տա «Վիտկոֆ-Դմիտրիևի խաղաղության ծրագրին»։ Այս մասին գրում է «Ֆայնենշլ Թայմս»-ը։
Հոդվածի համաձայն՝ Ուկրաինայի վրա գործադրվում է ուժեղ ճնշում, որպեսզի նա արագորեն ընդունի պատերազմի ավարտի «խաղաղության ծրագիրը», որը համատեղ մշակվել է ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի և Ռուսաստանի կողմից։
Հրապարակման տվյալներով՝ Սպիտակ տունը ճնշում է գործադրում Կիևի վրա, որպեսզի ռուս-ուկրաինական վերջնական համաձայնությունը կնքվի ժամանակին և պատերազմն ավարտվի մինչև տարեվերջ։
Նրանց պնդմամբ՝ Միացյալ Նահանգները պահանջում է, որ Վլադիմիր Զելենսկին «Շնորհակալության օրվանից» առաջ, այսինքն՝ մինչև նոյեմբերի 27-ը, ընդունի խաղաղության պայմանագիրը։
Հիշեցնենք, որ ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են Դոնալդ Թրամփի «խաղաղության ծրագրի» բովանդակությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի նպատակով։ Ծրագիրը բաղկացած է 28 կետից։
Թրամփի «խաղաղության ծրագրի» համաձայն՝ Ռուսաստանը պարտավորվում է չներխուժել հարևան երկրներ, իսկ Ուկրաինան սահմանադրորեն ամրագրում է, որ չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Ծրագիրը նախատեսում է, որ դաշինքը չի ընդլայնվի և հրաժարվում է հետագա ընդլայնումից։
ԱՄՆ նախագահի «խաղաղության ծրագրում» քննարկվում են նաև տարածքային հարցեր։ Մասնավորապես, օկուպացված Ղրիմը, Լուգանսկի և Դոնեցկի մարզերը դե ֆակտո կճանաչվեն որպես ռուսական տարածքներ։ Խերսոնի և Զապորոժիեի մարզերում սահմանը կանցնի ներկայիս ռազմաճակատի գծով, իսկ ուկրաինական ուժերը կլքեն Դոնեցկի մարզի այն հատվածը, որը ներկայում վերահսկում են։