Սքոթ Բեզանտ. Հիմա ժամանակն է, որ եվրոպացի գործընկերները գործեն կամ լռեն
«Այժմ ժամանակն է, որ եվրոպացի գործընկերները կամ գործեն, կամ լռեն», – այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Սքոթ Բեսենթը Fox News-ին տված հարցազրույցում։
Լրագրողը Բեսենթին հարցրել է. «Դուք ասացիք, որ նախագահ Թրամփը պատրաստ է Պուտինին ուղարկել շատ հստակ ուղերձ պատժամիջոցների վերաբերյալ։ Դուք նաև կոչ եք անում Եվրոպային աջակցել Վաշինգտոնի նախաձեռնությանը՝ կիրառելու երկրորդային պատժամիջոցներ այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են գնել ռուսական նավթ։ Ի՞նչ եք ակնկալում այս զրույցից և ի՞նչ կասեիք եվրոպացի առաջնորդներին այս հարցի վերաբերյալ հիմա»։
«Այստեղ երկու մաս կա․ առաջինը՝ նախագահ Թրամփն ունի բանակցությունների ռազմավարություն։ Վերջին մի քանի շաբաթների և օրերի ընթացքում նախագահը շատ քայլեր է կատարել դրա համար։ Այսպիսով, նա այս երկխոսությանը կմասնակցի շատ ուժեղ դիրքերից։ Երկրորդը՝ ուզում եմ ասել, որ հիմա ժամանակն է, որ եվրոպացի գործընկերները կամ գործեն, կամ լռեն։ Նրանք դեռ շարունակում են ասել՝ Օ՜, Ամերիկան պետք է անի սա, Ամերիկան պետք է անի այն։ Նախագահ Թրամփը երկրորդային պատժամիջոցներ կամ երկրորդային սակագներ է սահմանել Հնդկաստանի նկատմամբ ռուսական նավթի պատճառով, իսկ եվրոպացիները դա դեռ չեն արել։ Ավելին, եվրոպացիները գնում են վերամշակված նավթամթերք, որը հնդիկները արտադրում են։ Հետևաբար, անհրաժեշտ է համակարգված գործողություն։ Եթե ցանկանում ենք ունենալ միասնական ճակատ, ինչը նախագահ Թրամփին կտա առավելագույն լծակներ, ապա կարծում եմ՝ եվրոպացի գործընկերները պետք է իրենց ներդրումն ունենան», – ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։
Լրագրողի հարցին՝ հավատո՞ւմ է արդյոք, որ Պուտինը կհամաձայնի հրադադարի, Բեսենթը պատասխանել է, որ չգիտի։
«Չգիտեմ։ Այն, ինչ ես գիտեմ, այն է, որ այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր։ Դոնալդ Թրամփը խաղաղության նախագահ է, նա կարգավորում է այս քաոսը։ Նա ցանկանում է, որ այս արյունահեղությունը դադարի։ Մենք կտեսնենք՝ Պուտինը պատրաստ է արդյոք բանակցություններին։ Սա նրա հնարավորությունն է․ եթե նա ցանկանում է դադարեցնել արյունահեղությունը, նախագահ Թրամփը պատրաստ է շարունակել բանակցությունները։ Դա կախված կլինի նախագահ Պուտինից», – նշել է Բեսենթը։
Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ են այնքան հեռու գնալ, որ Չինաստանի նկատմամբ ևս կիրառեն երկրորդային պատժամիջոցներ, քանի որ նրանք ևս գնում են ռուսական նավթ, Բեսենթը պատասխանել է, որ «բոլոր տարբերակները սեղանին են»։