Ամերիկա-չինական հարաբերությունները կարող են շատ արդյունավետ լինել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։
Սքոթ Բեսենտի հայտարարությամբ՝ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները «ներկայումս շատ հարմարավետ են»։
«Մենք լինելու ենք մրցակիցներ, բայց ցանկանում ենք, որ այդ մրցակցությունը լինի արդար։ Մենք չենք ցանկանում տարանջատվել Չինաստանից, բայց մեզ անհրաժեշտ է նվազեցնել ռիսկերը», – հայտարարել է Բեսենտը։
ԱՄՆ ֆինանսների նախարարը նաև նշել է, որ Ամերիկան և Չինաստանը միշտ լինելու են մրցակիցներ։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն աշխատում է ինքնիշխանության վերականգնման ուղղությամբ այն ռազմավարական ոլորտներում, որտեղ ներկայումս գերիշխում է Չինաստանը։ Դա ներառում է կրիտիկական հանքանյութերը, կիսահաղորդիչները և դեղամիջոցները։
«Մենք միշտ մրցակիցներ կլինենք։ Եվ ես հավատում եմ, որ մրցակցությունը քեզ դարձնում է ավելի լավը, պաշտպանում է քեզ լճացումից», – հայտարարել է Սքոթ Բեսենտը։