Սքոթ Բեսենթ. Իրավիճակը պահանջում է, որ եվրոպացի գործընկերները միանան ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցում
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը դաշնակիցներին կոչ է անում ավելի մեծ ճնշում գործադրել Իրանի ֆինանսական ցանցերի վրա։
Փարիզում «Մեծ յոթնյակի» ֆինանսական առաջնորդների հանդիպումից հետո, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համաժողովում Բեսենթը հայտարարել է, որ եվրոպացի դաշնակիցները պետք է «ամբողջ ուժով» աջակցեն Վաշինգտոնին Իրանի դեմ պայքարում։
«Իրավիճակը պահանջում է, որ մեր եվրոպացի գործընկերները միանան Միացյալ Նահանգներին Իրանի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցում՝ բացահայտելով նրա կեղծ ու քողարկված ընկերությունները, փակելով բանկային մասնաճյուղերը և չեզոքացնելով նրա խամաճիկներին։ Դա պահանջում է, որ դուք Մերձավոր Արևելքում և Ասիայում վերացնեք Իրանի ստվերային բանկային ցանցերը»,- հայտարարել է Բեսենթը։
Միևնույն ժամանակ, Բեսենթը նշել է, որ ամենաարդյունավետը խիստ և նպատակային պատժամիջոցներն են, սակայն դրանց երկար ժամանակ ուժի մեջ մնալը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։
«Պատժամիջոցների նպատակը վարքագծի փոփոխումն է, այլ ոչ թե բնակչությանը պատժելը։ Տարիներ շարունակ ուժի մեջ մնացող պատժամիջոցները, առանց վարքագծի տեսանելի և շոշափելի փոփոխությունների, կարող են սերունդների վրա ունենալ այնպիսի ազդեցություն, որը գրեթե անհնար է կանխատեսել»,- հայտարարել է Սքոթ Բեսենթը։