Սիրիայի ժամանակավոր նախագահը հայտարարել է, որ պատասխանատվության կենթարկի բոլորին, ովքեր չարաշահեն իշխանությունը Սիրիայում շարունակվող հակամարտությունում
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ պատասխանատվության կենթարկի բոլորին, ովքեր գերազանցում են իրենց լիազորությունների սահմանները Սիրիայում շարունակվող հակամարտությունում:
Ահմեդ ալ-Շարաայի խոսքով՝ անկախ կոմիտե է ստեղծվում երկու կողմերի կողմից իրականացված սպանությունները հետաքննելու համար։
«Մենք կանգնած ենք նախկին ռեժիմի մնացորդներից բխող նոր սպառնալիքի և նրանց թիկունքում գտնվող արտաքին ուժերի փորձերի առաջ՝ նոր բաժանումներ ստեղծելու և մեր երկիրը ներքաշելու քաղաքացիական պատերազմի մեջ՝ պառակտելու և ոչնչացնելու նրա միասնությունն ու կայունությունը։ Մենք հաստատում ենք, որ անխղճորեն կպատժենք բոլոր նրանց, ովքեր մասնակցել են խաղաղ բնակիչների արյունահեղությանը կամ վնասել են մեր ժողովրդին, կամ գերազանցել են պետական լիազորությունները կամ օգտագործել իշխանությունը սեփական նպատակներին հասնելու համար», – ասել է Ահմեդ ալ-Շարաան:
Ըստ տեղեկությունների՝ վերջին երկու օրերի ընթացքում, ընդհանուր առմամբ, ավելի քան 1000 մարդ է զոհվել Սիրիայում նոր կառավարության ուժերի և Ասադի ալավիական աղանդի մարտիկների միջև շարունակվող զինված բախումների հետևանքով։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ ուրբաթ և շաբաթ օրերին զոհվել է 973 խաղաղ բնակիչ։ Սպանվածների թվում են Սիրիայի կառավարական անվտանգության ուժերի անդամներ և Ասադին հավատարիմ զինյալներ: Նաև ալավի կանայք և երեխաներ: