Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահը կոչ է արել կողմերին հարգել հրադադարը

15:23, 19.07.2025

Սիրիայի անցումային կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարան կոչ է արել բոլոր կողմերին պահպանել կրակի դադարեցման ռեժիմը։ Այս մասին նա հայտարարել է իր ելույթի ժամանակ։ Իր խոսքում նա նշել է, որ արաբ եւ ամերիկացի միջնորդները նպաստել են խաղաղության հաստատմանը։ Նա նաեւ քննադատել է Իսրայելին՝ Սիրիայի հարավում եւ Դամասկոսում կառավարական ուժերի վրա հարվածներ հասցնելու համար։

«Մենք շնորհակալ ենք ցեղերին նրանց հերոսական դիրքորոշման համար, սակայն կոչ ենք անում լիարժեք պահպանել կրակի դադարեցման ռեժիմը եւ ենթարկվել պետական հրահանգներին։ Բոլորը պետք է հասկանան, որ այս պահը պահանջում է միասնություն եւ լիակատար համագործակցություն՝ հաղթահարելու այն, ինչի միջով այժմ անցնում ենք», – ասել է ալ-Շարան։

Սիրիայի նախագահի խոսքով՝ Սիրիայի պետությունը պատրաստ է պաշտպանել երկրում բոլոր փոքրամասնություններին եւ խմբերին եւ պատասխանատվության ենթարկել խախտումներ կատարած բոլոր անձանց՝ անկախ նրանից, թե որ կողմին են պատկանում։

Ահմեդ ալ-Շարան խաղաղության կոչ է արել եւ հայտարարել, որ Սիրիան չի դառնա պառակտման, մասնատման կամ միջկրոնական թշնամության հարթակ։

«Իսրայելի միջամտությունն երկիրը մղեց վտանգավոր փուլ՝ սպառնալով կայունությանը», – ասել է նա։

Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ անվտանգության ուժեր են տեղակայել երկրի հարավում՝ հիմնականում դրուզներով բնակեցված Սուեյդա քաղաքում։ Սուեյդայի նահանգում իրավիճակը սրվել է շաբաթվա սկզբին, երբ դրուզ մարտիկների եւ բեդվինական ցեղերի միջեւ մի քանի օր տեւած զինված բախումներ են սկսվել, ինչից հետո Սիրիայի իշխանությունները տարածաշրջան ուղարկել են կառավարական ուժեր։ Հուլիսի 16-ին Իսրայելը ռմբակոծել է Դամասկոսում գտնվող պետական շենքերը եւ հարվածներ հասցրել Սիրիայի հարավում տեղակայված կառավարական ուժերին։ Իսրայելի իշխանությունները հայտարարում են, որ պաշտպանում են դրուզ փոքրամասնությանը։ Ուրբաթ օրը ԱՄՆ-ի դեսպանը Թուրքիայում եւ Սիրիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը հայտարարել է, որ Սիրիան եւ Իսրայելը պայմանավորվել են կրակի դադարեցման շուրջ։

Նմանատիպ