Սիրիայի ֆինանսների նախարարությունը արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանից, Իրանից և Իսրայելից

16:02, 19.01.2025

Սիրիայի ֆինանսների նախարարությունն արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանից, Իրանից և Իսրայելից։ Ինչպես գրում է տեղական «Ալ Արաբիա» հրատարակությունը, արգելքը ենթադրում է խնդրո առարկա երեք երկրների ապրանքների առգրավում։

«Տնտեսությանը աջակցելու համար նոր կառավարությունը հայտարարեց դոլարով գործարքների թույլտվության մասին և հաստատեց միասնական մաքսատուրքերի նոր փաթեթը՝ 50%-ից մինչև 60%-ի նվազեցմամբ»,- ասվում է «Ալ Արաբիա»-ի տարածած տեղեկատվության մեջ։

Ինչպես նշում է հրատարակությունը, «կառավարության այս որոշումը բացեց ներմուծման հոսքը այլ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից»։ Այժմ երկրի մայրաքաղաք Դամասկոսի խանութները լցված են ներմուծվող ապրանքներով՝ սկսած թուրքական շշալցված ջրից և սաուդյան սննդամթերքից մինչև արևմտյան շոկոլադ:

Ինչպես գրում է հրատարակությունը, Սիրիայի նոր կառավարության հրամանագիրը կհեշտացնի նաև հումքի ներմուծումը տեղական արտադրողներին աջակցելու և արդյունաբերությունը խրախուսելու համար։

Բացի այդ, ըստ Մոսկով Թայմս-ի՝ Սիրիա իսրայելական ապրանքների ներմուծման էմբարգոն գործում է երկար տարիներ։ Սիրիայի անցումային կառավարության նոր որոշումը հետևում է Իրանի և Իսրայելի քաղաքացիների մուտքը Սիրիա արգելող հրամանագրին: Այս միջոցը դեռ չի տարածվում Ռուսաստանի քաղաքացիների վրա։ Ռուսաստանն իր հերթին դադարեցրել է ցորենի մատակարարումները Սիրիա։

Ի գիտություն ձեզ, Սիրիայի նոր կառավարությունը դեռ թույլ չի տալիս Ռուսաստանին զենք ու զինտեխնիկա դուրս բերել Տարտուս նավահանգստից, որտեղ տեղակայված է ռուսական ռազմածովային բազան։

Նմանատիպ