«Ուժեղ փոթորիկից հետո Սիցիլիայի ափերի մոտ խորտակվել է Bayesian 56 մետրանոց զբոսանավը։ Արդյունքում մեկ մարդ մահացել է, իսկ վեցը համարվում են անհետ կորած»,- հայտնում է BBC-ն։
Փրկարարներին հաջողվել է փրկել 15 մարդու, որոնցից ութը, այդ թվում՝ մեկ տարեկան երեխան, տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։ Բոլոր փրկվածների վիճակը կայուն է։
«Քամին շատ ուժեղ էր։ Վատ եղանակ էր սպասվում, բայց ոչ այս մասշտաբով»,- ՌՈՅԹԵՐՍ-ին ասել է Պալերմոյում առափնյա պահպանության ներկայացուցիչը։
Ընդհանուր առմամբ, բրիտանական դրոշի ներքո ընթացող զբոսանավում եղել է 22 մարդ՝ անձնակազմի տասը անդամ և 12 ուղևոր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքացիներ։
Հայտնի է, որ նավի բեկորները հայտնաբերվել են մոտ 50 մետր խորության վրա, ջրասուզակները շարունակում են անհետ կորածների որոնումները։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ բրիտանական իշխանությունները միջադեպի առնչությամբ կապ են հաստատել տեղի կառավարության հետ և պատրաստ են հյուպատոսական օգնություն ցուցաբերել տուժած բրիտանացիներին։