Շվեյցարական Edelweiss ավիաընկերությունը սկսում է գործունեություն ծավալել Վրաստանի ավիացիոն շուկայում
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում սկսել է գործել ևս մեկ եվրոպական ավիաընկերություն։
«Էդելվեյս» ավիաընկերությունը, որը «Լյուֆթհանզա» գլոբալ ավիացիոն խմբի մաս է կազմում, իրականացրեց իր առաջին ուղիղ չվերթը Ցյուրիխից դեպի Թբիլիսի՝ տեղափոխելով 131 ուղևոր։ Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան հաջողությամբ ավարտել է ավիաընկերության հետ ինտենսիվ բանակցությունները։
«Էդելվեյսը» շաբաթական երկու անգամ կիրականացնի ուղիղ կանոնավոր չվերթներ Ցյուրիխ-Թբիլիսի-Ցյուրիխ երթուղով՝ Airbus 320 ինքնաթիռներով։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանի կառավարական տերմինալում տեղի է ունեցել պաշտոնական դիմավորման արարողություն՝ առաջին չվերթի կապակցությամբ։ Առաջին չվերթին ներկա էին շվեյցարական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք ժամանել էին Ցյուրիխից առաջին ուղիղ չվերթով։ Նրանք մեկ շաբաթ կգտնվեն Վրաստանում՝ Ազգային զբոսաշրջության վարչության հրավերով, որի արդյունքում շվեյցարական լրատվամիջոցները կպատրաստեն Վրաստանի մասին հոդվածներ։
Edelweiss-ը Swiss International Airlines-ի դուստր ձեռնարկություն է, որը հիմնադրվել է 29 տարի առաջ և պատկանում է Lufthansa Group-ին։ Այն իր Ցյուրիխի բազայից չվերթներ է իրականացնում դեպի եվրոպական երկրների և Ամերիկայի 90 ուղղություններ։ Տոմսերը կարելի է ձեռք բերել երկու ավիաընկերությունների՝ Edelweiss-ի և Swiss International Airlines-ի կայքերում։