Շվեդիան նախատեսում է քրեական պատասխանատվության տարիքը նվազեցնել մինչև 13 տարեկան
Շվեդիան նախատեսում է քրեական պատասխանատվության տարիքը նվազեցնել մինչև 13 տարեկան

Շվեդիան նախատեսում է նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքային սահմանը՝ այն հասցնելով 13-ի։

Երկրի արդարադատության նախարար Գունար Շտրոմերի խոսքով՝ երկրում գործող հանցավոր խմբավորումները հաճախ օգտագործում են անչափահասներին բռնի հանցագործություններ կատարելու համար, քանի որ վերջիններիս չի սպառնում քրեական պատասխանատվություն։

Նրա խոսքով՝ երկիրը գտնվում է «արտակարգ իրավիճակում», և անչափահասների ներգրավումը հանցավոր ցանցերում դադարեցնելը կառավարության «կարևոր խնդիրներից» մեկն է։

Եթե օրենքը հաստատվի, այն ուժի մեջ կմտնի այս ամառ։

Նշենք, որ ներկայում Շվեդիայում քրեական պատասխանատվության նվազագույն տարիքային շեմը 15-ն է։

Շվեդիայի Հանցավորության կանխարգելման ազգային խորհրդի տվյալներով՝ վերջին տասնամյակում գրանցված հանցագործությունների թիվը, որոնցում կասկածյալները մինչև 15 տարեկան են, կրկնապատկվել է։