Շպիգել. ԵՄ-ն նախատեսում է թույլ տալ Ռուսաստանին Կալինինգրադ ներմուծել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ, ծավալը կսահմանափակվի
Շպիգել. ԵՄ-ն նախատեսում է թույլ տալ Ռուսաստանին Կալինինգրադ ներմուծել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ, ծավալը կսահմանափակվի

Եվրամիությունը մտադիր է թույլ տալ Ռուսաստանին պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ ներմուծել Կալինինգրադ, սակայն փոխադրումների ծավալը կսահմանափակվի,- գրում է գերմանական «Der Spiegel» հրատարակությունը։

Հոդվածագրի համաձայն՝ նշված քայլը վերջ կդնի այս հարցում ոչ միայն Կրեմլի և Բրյուսելի տարաձայնությանը, այլև Եվրամիության ներսում Մոսկվայի նկատմամբ կիրառվելիք մոտեցումների պառակտմանը։

Ընթացիկ տարվա հունիսի 17-ից Լիտվան արգելափակում է այնպիսի ապրանքների, ինչպիսիք են շինանյութերը, մետաղը և ածուխը Կալինինգրադ առաքումը ԵՄ պատժամիջոցների քաղաքականության շրջանակներում։ Արգելքը ազդել է Ռուսաստանի և Կալինինգրադի երկաթուղային հաղորդակցության վրա և չի տարածվում ճանապարհային առաքումների վրա: Պատժամիջոցները չեն տարածվում նաև օդային և ծովային երթուղիների վրա։

Եվրահանձնաժողովի փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանին կթույլատրվի Կալինինգրադ փոխադրել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները, բայց միայն որոշակի քանակությամբ՝ յուրաքանչյուր կոնկրետ տեսակի ապրանքի համար՝ չգերազանցելով այն ծավալները, որոնք գրանցված էին մինչև Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժումը։ Թույլատրված տարանցման ծավալը որոշվում է Լիտվայի մաքսային փաստաթղթերով։

Որոշ դեպքերում հնարավոր է գերազանցել տարանցման թույլատրելի ծավալը, սակայն Ռուսաստանը պարտավոր կլինի հիմնավորել այս տեսակի ավելցուկի անհրաժեշտությունը։

Հոդվածի համաձայն՝ հանձնաժողովի որդեգրած քաղաքականությունը մեծապես արտացոլում է Գերմանիայի կառավարության դիրքորոշումը, իսկ պաշտոնական Բեռլինը քննադատաբար է վերաբերվել Լիտվայի մոտեցմանը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատրաստ է կանխել Ռուսաստանի կողմից հնարավոր սադրանքը: Նա բազմիցս հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի ՆԱՏՕ-ն չդառնա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի կողմ։ Գերմանացի զինվորները տեղակայված են Լիտվայի տարածքում և կարող են ներգրավվել հակամարտության մեջ։