Շիո Երկրորդ. Շնորհավորում եմ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ, սուրբ հրեշտակները ցնծում էին, իսկ մարդիկ սգում էին, քանի որ կարծում էին, թե Աստվածամայրը լքեց իրենց, սակայն Նա մեզ չի լքել
Սիրելի հայրեր, մայրեր, քույրեր և եղբայրներ, շնորհավորում եմ ձեզ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ: Սուրբ Աստվածածինը տեղափոխվեց հավերժական աշխարհ: Ավանդությամբ հայտնի է, որ Ինքը՝ Տեր Հիսուս Քրիստոսը, սուրբ հրեշտակների հետ միասին եկավ, որպեսզի ընդունի Նրա հոգին և երկինք համբարձի: Սուրբ հրեշտակները ցնծում էին, իսկ մարդիկ սգում էին, քանի որ կարծում էին, թե Աստվածամայրը լքեց իրենց, սակայն Աստվածամայրը մեզ չի լքել», – այս մասին Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի Արքեպիսկոպոս և Բիճվինթայի ու Ցխում-Աբխազեթիի Միտրոպոլիտ Շիո Երկրորդը հայտարարել է Մարիամության տոնի առթիվ Թբիլիսիի Սիոնի պատրիարքական տաճարում քարոզի ժամանակ:
Նրա խոսքով՝ ինչպես ասվում է այսօրվա տոնի շարականում. Ծննդաբերության մեջ կուսությունը պահպանեցիր և ննջման մեջ աշխարհը չլքեցիր:
«Աստվածածինը դարձավ մեր հավերժական բարեխոսը Աստծո առջև, ողջ մարդկության և մեզանից յուրաքանչյուրի մայրը: Իր երկարատև երկրային կյանքում Աստվածամորը բաժին հասան բազում փորձություններ, վիշտ և տառապանք, սակայն շատ էին նաև ուրախությունները: Այդ ուրախություններից վերջինը Նրա մոտալուտ վախճանի մասին ավետումն էր: Հենց այս իրադարձությունն էլ տեղի ունեցավ մեծ խաղաղությամբ, մեծ ուրախությամբ:
Սիրելի քույրեր և եղբայրներ, ինչի՞ մասին է մեզ ստիպում մտածել Աստվածածնի Վերափոխման օրը: Մեր վախճանի (մահվան) մասին, որը սպասում է մեզանից յուրաքանչյուրին: Մեզանից շատերի համար ի՞նչ է մահը: Դա ինչ-որ սարսափելի բան է, սարսափելի իրադարձություն, նույնիսկ անմիտ, որի մասին ոչ թե խոսելուց, այլ նույնիսկ մտածելուց ենք խուսափում: Ինչո՞ւ է այդպես լինում: Որովհետև վատ ենք գիտակցում, թե ինչ է վախճանը և մահը: Դուք գիտեք, որ առաջին մարդը մեղքի պատճառով ենթարկվեց մահվան, դրանով սկիզբ դրվեց փորձություններով և աշխատանքով լի կյանքին, սակայն այս աշխարհ եկած Որդի Աստվածը՝ Տեր Հիսուս Քրիստոսը, այնպես արեց, որ եթե մենք ցանկանանք, եթե մարդը ցանկանա, այս ամենը կարող է լինել և մնալ միայն անվանում:
Մահը մեզ համար այսօր այլևս մահ չէ, միայն անվանումն է մնացել: Ինչպես հիանալի ասում է Սուրբ Հովհան Ոսկեբերանը. Նրա անգամ անունը դարձել է սոսկական (ձևական): Մենք մահը այլևս չենք կոչում մահ, այլ վախճան, ննջում, հանգիստ: Հիշեցնեմ՝ Ինքը՝ Տեր Հիսուս Քրիստոսն ի՞նչ է ասում. Իմ բարեկամ Ղազարոսը քնել է, և Ես գնում եմ նրան արթնացնելու: Սուրբ Պողոս առաքյալն իր թղթերից մեկում ասում է. Չենք կամենում, եղբայրնե՛ր, որ տգետ լինեք ննջեցյալների վերաբերյալ: Ահա թե ինչ է եղել վախճանը: Դա տեղափոխում է դեպի ավելի լավ աշխարհ, դեպի հավերժություն: Ինչպես սուրբ հայրերն են ասում, սա մարդու երրորդ ծնունդն է հավերժական կյանքում, այսինքն՝ ծնունդ է հավերժական կյանքի համար: Ինչպես մարդը մարմնապես ծնվում է այս երկրի վրա, այնպես էլ հոգևորապես ծնվում է Մկրտության խորհրդում, նույնպես և վախճանից հետո ծնվում է հավերժական կյանքի համար:
Այս երրորդ ծննդի համար մենք, ցավոք, շատ վատ ենք պատրաստվում կամ ընդհանրապես չենք պատրաստվում: Երրորդ ծնունդը չգիտակցելու պատճառով մահացող մարդու մահճակալի մոտ շատ հաճախ այս մեծ խորհրդի առջև ակնածանք և աղոթքի տրամադրվածություն ունենալու փոխարեն լինում է տագնապ, աղմուկ, վախ, և հաճախ այն աշխարհ գնացող մարդուն ավելորդ անհանգստացնում են բժշկական միջոցներով, երբեմն դա էլ է պատահում: Սիրելի քույրեր և եղբայրներ, խորհենք այսօրվա տոնի մասին: Խորհենք այս երրորդ ծննդի մասին, այն մեծասքանչ րոպեների մասին, թե ինչպես կպատրաստվեք դրան: Թող Աստվածամայրը լինի մեր աջակիցը, բարեխոսը և պահապանը այս մեծասքանչ րոպեներին ու վայրկյաններին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Աստվածածնի Վերափոխման մեծասքանչ տոնի առթիվ: Այսօր հիշում ենք Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդին, առանց ում առաջին Մարիամությունն է: Մենք հավաքվում ենք, աղոթում, կարոտում ենք նաև նրա աղոթքը, նրա ծառայությունը, նրա խոսքերը, նրա հետ լինելը: Աղաչենք Սուրբ Աստվածածնին, որ օգնի նրա հոգուն և փրկություն տա:
Շնորհավորում եմ, Աստված օրհնի և զորացնի ձեզ: Աստվածամայրը թող լինի ձեր պահապանը, ձեր ընտանիքների պահապանը: Աստվածածնի աղոթքով և բարեխոսությամբ Աստված օրհնի, փրկի, միավորի և զորացնի համայն Վրաստանը: Ամեն», – հայտարարել է Շիո Երկրորդը: