Շառլ Միշելի այցն Վրաստան նշանակում է, որ Եվրամիությունը ոչ մի տեղ չի գնացել, Եվրամիության համար կարևոր է, որ մեր երկիրը շարունակի Եվրոպական և ժողովրդավարական ճանապարհը. Սալոմե Զուրաբիշվիլի
Եվրոպական խորհրդի նախագահի Վրաստան ժամանումը նշանակում է, որ Եվրամիությունը ոչ մի տեղ չի գնացել, – այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, դեմ առ դեմ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին :
Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությամբ, Եվրամիության համար կարևոր է, որ մեր երկիրը շարունակի Եվրոպական և ժողովրդավարական ճանապարհը:
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին այստեղ գալու համար: Ես հիշում եմ երկու ամիս առաջ Բրյուսել կատարած իմ այցը, որը շատ կարևոր էր, քանի որ իմ առաջին հետկովիդյան այցելությունն էր, և այդ ժամանակ մենք շատ լավ զրույց ունեցանք: Այսօր նախագահի Վրաստան ժամանումը նշանակում է, որ Եվրամիությունը ոչ մի տեղ չի գնացել, այն այստեղ է, և ինչպես երբեք, Եվրամիության համար կարևոր է, որ Վրաստանը շարունակի իր եվրոպական և ժողովրդավարական ուղին, և դրան ոչինչ չի կարող խոչընդոտել: Ինչպես երբեք, դա կարևոր է, քանի որ իրավիճակը այս տարածաշրջանում փոխվել է, և Վրաստանը, որպես ժողովրդավարության կղզի, պետք է էլ ավելի ամրապնդվի ու ուժեղանա», – հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Վրաստանում այցով գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելը սկսել է իր պաշտոնական հանդիպումները:
Այցի շրջանակներում Շառլ Միշելը առաջին հանդիպումը անց է կացրել Օրբելիանիների պալատում, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Նախատեսվում են հանդիպումներ նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի և քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ:
Եվրոպական խորհրդի նախագահը կայցելի նաև Խուրվալեթի գյուղի մերձակայքում գտնվող բռնազավթված գծի մոտ, կմասնակցի Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության նոր գրասենյակի բացմանը և կդիտի Եվրամիության կողմից ֆինանսավորվող նախագծերը:
Շառլ Միշելը Վրաստանից կմեկնի մարտի 2-ին: