Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։ Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, Թուրք քաղաքական գործիչը շնորհավորել է Շալվա Պապուաշվիլիին խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և նշել, որ ժողովրդի կամքը գերակա է, բոլորը պետք է հարգեն ընտրությունների արդյունքները, որոնք պետք է հիմք դառնան հետագա զարգացման համար։
Կողմերը նշել են, որ Վրաստանին և Թուրքիային կապում է երկար տարիների արդյունավետ համագործակցությունը և ժողովուրդների միջև բարեկամությունը։
Հանդիպմանը խոսվել է խորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացման մասին։ Նրանք պայմանավորվել են, որ առաջիկայում կստեղծվի նախագահների մակարդակով Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության ձևաչափը։
Նուման Քուրթուլմուշը Շալվա Պապուաշվիլիին հրավիրել է Թուրքիա:
Կողմերը քննարկել են տարածաշրջանում և աշխարհում առկա իրադարձությունները, այդ թվում՝ ուկրաինական պատերազմին վերջ տալու խաղաղության նախաձեռնությունները, ինչը կապված է ԱՄՆ նոր նախագահի վարչակազմի հետ։
Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։ Կողմերը պայմանավորվել են խորացնել Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերությունը։
Հանդիպումը կայացել է Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդում Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներում։ Վրաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած խորհրդարանական պատվիրակության կազմում են՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և Շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Մայա Բիթաձեն։