Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Ստորին-ժողովրդական պալատի նախագահ Օմ Բիրլայի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Կողմերը խոսել են Վրաստանի և Հնդկաստանի Հանրապետության միջև սերտ բարեկամական հարաբերությունների մասին։
Շալվա Պապուաշվիլին դրական է գնահատել Վրաստանում Հնդկաստանի դեսպանատան բացումը։
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև խորհրդարանական կապերի և ոլորտային համագործակցության խորացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրի, զբոսաշրջության, կրթության, տեխնոլոգիաների ոլորտներում։
Օմ Բիրլան նշել է Հնդկաստանի խորհրդարանի արժեքավոր փորձը թվային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ և պատրաստակամություն հայտնել կիսվել այդ փորձով։ Օմ Բիրլան Շալվա Պապուաշվիլիին հրավիրել է Հնդկաստանի Հանրապետություն։
Հանդիպումը կայացել է Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդում Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներում։