Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի խորհրդարանի մամուլի կենտրոնը։
Հանդիպմանն ընդգծվել է Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև առկա պատմական բարեկամությունը և բազմակողմ արդյունավետ համագործակցությունը։ Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար և վերահաստատել Վրաստանի աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
Հանդիպմանը քննարկվել է նաև երկու երկրների միջև բարձր մակարդակի այցելությունների հաճախականությունը։ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ խորհրդանշական և ուրախալի է, որ նորընտիր խորհրդարան առաջին պաշտոնական այցն իրականացնում է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը։ Դրական են գնահատվել երկու երկրների օրենսդիր մարմինների՝ ինչպես նախագահների, այնպես էլ ոլորտային կոմիտեների կապերը։ Նշվել է փոխըմբռնման հուշագրի կարևորությունը համագործակցության հետագա զարգացման համար։
Կողմերը քննարկել են նաև հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը և ընդգծել բարիդրացիական հարաբերությունների, խաղաղության և անվտանգության կարևորությունը։ Նշվել է ռազմավարական նշանակության տարածաշրջանային նախագծերի իրականացման ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը։
Սահիբա Գաֆարովան Շալվա Պապուաշվիլիին հրավիրել է Ադրբեջան.
Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն, խորհրդարանի փոխնախագահներ Նինո Ծիլոսանին և Իլիա Ինջիան, պատգամավորներ Սավալան Միրզոևը, Զաուր Դարգալին, Հենրիետա Ցիցավան և Դիմիտրի Խունդադը։